Միլիոնավոր եթովպացիներ մասնակցում են հավակնոտ համազգային նախաձեռնության, որի նպատակն է ընդամենը 24 ժամում տնկել 700 միլիոն ծառ։ Այս ակցիան մաս է կազմում ավելի լայն ծրագրի՝ ուղղված բնության պահպանությանը և կլիմայական փոփոխությունների հետևանքների մեղմմանը։ Նախաձեռնության վերջնական նպատակը մինչև 2026 թվականը ընդհանուր առմամբ 50 միլիարդ ծառ տնկելն է։
«Կանաչ ժառանգություն» անունը կրող նախագիծը մեկնարկել է 2019 թվականին՝ վարչապետ Աբի Ահմեդի նախաձեռնությամբ։ Եթովպիայի հաղորդակցության նախարար Թեսֆահուն Գոբեզայի խոսքով՝ այս պահին ծրագրին մասնակցել է շուրջ 14,9 միլիոն մարդ, իսկ միայն այսօրվա առավոտվա դրությամբ արդեն տնկվել է մոտ 355 միլիոն տնկին։
Թեև կառավարության ներկայացրած տվյալները անկախ աղբյուրների կողմից ամբողջությամբ հաստատված չեն, Associated Press գործակալությունը հայտնում է, որ նախաձեռնությունն ստացել է լայն աջակցություն ողջ երկրում, որի բնակչությունը գերազանցում է 120 միլիոնը։ Իշխանությունների տվյալներով՝ ծրագրի մեկնարկից ի վեր արդեն տնկվել է մոտ 40 միլիարդ տնկին, իսկ մինչև 2025 թվականը նախատեսվում է տնկել ևս 7,5 միլիարդ ծառ։
Զանգվածային մասնակցությունն ապահովելու նպատակով այսօր փակվել են բազմաթիվ պետական հաստատություններ, իսկ հազարավոր պետական ծառայողներ գործուղվել են երկրի տարբեր հատվածներ՝ աջակցելու ծառատունկի աշխատանքներին։