Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքում անսովոր լուծում են գտել փողոցների մաքրման համար․ օգնության են կանչել ագռավներին։
Վայրի ագռավներին սովորեցնում են փողոցներում նետված ծխախոտի մնացորդները հավաքել և գցել հատուկ սարքերի մեջ՝ դրա դիմաց ստանալով փոքրիկ սնունդ։ Նախագիծը իրականացնում է Corvid Cleaning ստարտափը, և թռչունները մասնակցում են կամավոր։
Ծխախոտի կոթերը Շվեդիայում ամենատարածված աղբն են համարվում, և դրանց մաքրումը մեծ գումար է պահանջում։ Ստարտափի հիմնադիրները կարծում են, որ ագռավների օգնությամբ քաղաքը կարող է մինչև 75% խնայել այդ ծախսերից։
Նախագիծը դեռ փորձնական է, իսկ նախաձեռնող կազմակերպությունը ուշադիր հետևում է թռչունների առողջությանը։ Եվ ինչպես նշվում է՝ երբեմն ագռավներին աղբ հավաքել սովորեցնելն ավելի հեշտ է, քան մարդկանց՝ այն չնետել փողոցում։