Կանադայի հյուսիսում գիտնականները ականատես են դարձել մի շատ հազվադեպ և հուզիչ երևույթի․ մայր բևեռային արջը իր խնամքի տակ է առել մի ձագ, որը կենսաբանական առումով իրենը չէ։ Այս բացառիկ պահը արձանագրվել է Չերչիլի շրջակայքում՝ Մանիտոբայում:
2025 թվականի գարնանը, հետազոտողները նկատել էին մայր արջին միայն մեկ ձագի հետ։ Սակայն մի քանի ամիս անց, աշնանը, նա կրկին երևացել է՝ արդեն երկու ձագերի հետ։ Նրանցից մեկը անծանոթ ու առանց նշագրման, ինչը ցույց էր տալիս, որ նա որդեգրված է։
Երկու ձագերն էլ մոտ 10–11 ամսական էին, առողջ ու ակտիվ։ Վայրի բնության մեջ, որտեղ գոյատևումը հաճախ դաժան է ու անողոք, նման հոգատար քայլը բացառիկ է։ Բևեռային արջերի մոտ որդեգրում գրեթե չի հանդիպում․ սա ընդամենը 13-րդ նման դեպքն է տասնամյակների ընթացքում հազարավոր արջերի դիտարկման պատմության մեջ։
Այս պատմությունը հատկապես կարևոր է, քանի որ բևեռային արջի ձագերի միայն մոտ կեսն է հասնում չափահասության։ Մայրական խնամքը կարող է դառնալ կյանքի ու մահվան սահմանը։ Թե ով է որդեգրված ձագի կենսաբանական մայրը, հայտնի չէ․ գիտնականները շարունակում են ուսումնասիրությունները։
Թեպետ գիտությունը դեռ չի կարող հստակ բացատրել այս վարքագիծը, մի բան պարզ է՝ նույնիսկ վայրի, խիստ պայմաններում մայրական բնազդը կարող է հաղթել ամեն ինչին։